ՀՈԳՈՒ ՀԱՑԸ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ. ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ.
Լավ է սուրբ Հաղորդությունից հետո մի քանի ումպ ջուր խմել, ինչպես ուղղափառ եկեղեցում են տալիս հաղորդվողներին։ Ամբողջ այդ օրվա ընթացքում պետք չէ այնպիսի բաներ ուտել, որ ստիպված բերանիցդ կերակուրի մնացորդ չհանես. օրինակ` մսի ոսկոր կամ մրգի կորիզ և այլն։ Եվ ամենակարևորը. հաղորդվողները պետք է զգոնություն ցուցաբերեն և զգուշանան չարի զանազան հնարքներից, որովհետև նա ջանում է նսեմացնել, ի չիք դարձնել ստացածիդ զորությունը` քեզ ներքաշելով անիմաստ, դատարկ, անհոգեշահ խոսք ու զրույցի, երբեմն էլ չարախոսության ու բամբասանքի մեջ։ Պետք է նաև հիշել. հաղորդություն ստացածները մինչև հաջորդ առավոտ երկրպագություն չանեն, որովհետև փառաց Աստվածը քո մեջ է, քանի որ Տերն է ասել. «Ով ուտում է Իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, նա կբնակվի Իմ մեջ, և Ես` նրա մեջ»։
Երբեմն էլ մարդիկ տարակուսում են և խուսափում սուրբ Հաղորդությունից հետո Խաչն ու Ավետարանը համբուրել. իզո՛ւր, քանի որ շուրթերովդ ավելի սուրբ ուրիշ ի՞նչ բանի կարող ես հպվել, եթե ոչ Խաչին ու Ավետարանին, ու հենց նոր քեզ սրբություն տված քահանայի օծված աջին։ Այս հարցում նաև մի թյուրիմացություն է տարածված. հաղորդվելուց հետո Խաչն ու Ավետարանը համբուրողները չհաղորդվողների նման ասում են` մեղա՜ Աստծո. դա ճիշտ չէ, քանի որ հենց նոր ենք ճաշակել մեր մեղքերին քավություն ու թողություն շնորհող Տիրոջ Մարմինն ու Արյունը։ Դրա համար ճիշտ կլինի ասել.
«Յիշեսցէ՛ Տէր զամենայն պատարագս քո, և զուխտս քո ընդունելի արասցէ», կամ
«Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն»։
Որից հետո քահանան պատասխանում է. «Տերը թող քեզ տա սրտիդ համեմատ, և քո բոլոր բարի խորհուրդներն Ինքը կատարի. ամեն»։ Իսկ չհաղորդվողներն ասում են.
«Մեղա՜ Աստծո», և քահանան պատասխանում է. «Աստված թողություն շնորհի»։
Պատարագի վերջում բաժանվող օրհնված չոր լավաշը բաժանվում է սուրբ Հաղորդություն չընդունած, սուրբ Պատարագին չմասնակցած հիվանդների ու երեխաների համար։ Այն վերցնողը ձեռքի ափի հակառակ կողմով է ընդունում (որտեղով ամենաքիչն ենք շփվում անմաքուր բաների հետ) ու պետք է ասի. «Աստված է իմ բաժինը հավիտյան»։
Եվ այս ամենից հետո Հովհաննես Ոսկեբերանի հետ մենք էլ աղոթենք այսպես. «Տեր Աստված իմ, գոհանում, մեծարում և փառավորում եմ Քեզ, որովհետև ինձ՝ անարժանիս, այսօր արժանի արեցիր հաղորդակից լինելու Քո Աստվածային և սոսկալի խորհրդին՝ անարատ Մարմնիդ և պատվական Արյանդ։
ՈՒրեմն, Քո սուրբ Մարմինն ու Արյունը բարեխոս ունենալով, աղաչում եմ իմ կյանքի բոլոր օրերին և ամբողջ ժամանակ պահի՛ր ինձ Քո փրկարար սրբության մեջ, որպեսզի հիշելով Քո բարեգթությունը, կենդանի լինեմ Քեզ հետ, որ մեզ համար չարչարվեցիր, մեռար և հարություն առար։
Տեր և Աստված իմ, խորտակիչը թող չմոտենա ինձ՝ պատվական Արյամբ կնքվածիս։
Ո՜վ ամենակարող, որ միակ անմեղն ես, Քո սուրբ Մարմնով և Արյամբ մաքրի՛ր ինձ մեռելոտի գործերիցս, Տե՛ր, ամո՛ւր պահիր իմ կյանքն ամեն տեսակի փորձության դեմ և իմ դեմ պատերազմողին, որքան վեր կենա իմ դեմ, հետ մղիր պատկառած ու ամաչած։ Տե՛ր, ամուր պահիր իմ մտքի, լեզվի և մարմնիս բոլոր ընթացքը։ Մշտապես ինձ հետ եղիր՝ ըստ Քո անսուտն խոստման, թե. «Ով ուտի Իմ Մարմինը և ըմպի Իմ Արյունը՝ նա կբնակվի Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ»։ Դու ես այս ասել, մարդասեր, Դու էլ հաստատիր Քո աստվածային անլուծելի հրամանների խոսքերը, որովհետև Դու ողորմության, գթության, մարդասիրության Աստվածն ես և բոլոր բարիքներ պարգևողը և Քեզ է վայել փառք Հորդ և Ամենասուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ